ՍԱՍՏԻԿ-ՊրոտոԼաբ համագործակցություն
«Փորձել ենք «մեծ» մտածել»․ նոյեմբերյանցի 4 պատանի ծննդավայրում եռաչափ մոդելավորման ու տպագրության լաբորատորիա են հիմնել:
«Ռադիո Վան»-ի անդրադարձը ՍԱՍՏԻԿ – ՊրոտոԼաբ համագործակցությանը:
Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում ապրող պատանիների՝ Արգամի Ամիրաղյանի, Հայկ Բուդաղյանի, Հայկ Հախվերդյանի և Հրանտ Ղազինյանի համար «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում անվճար ստացած գիտելիքները բիզնես գաղափարի ստեղծման հենք են հանդիսացել։
17-ամյա Արգամն անկեղծանում է՝ գումար աշխատելու մոտիվացիայի պատճառով սկզբում այնքան էլ նվիրված չեն եղել գաղափարին, սակայն 2020-ի 44-օրյա պատերազմը հեղափոխություն է կատարել տղաների առաջնահերթություններում։ Մտածել են՝ անել, ստեղծել ինչ-որ լավ բան, որը կխթանի մարզի համաչափ զարգացումը։
2021-ի օգոստոսին 21-ին, ահա, նոյեմբերյանցի 4 անչափահաս տղաները հիմնել են Protolab ստարտափը՝ լաբորատորիա՝ ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման ու տպագրության ոլորտում։
Ներկայում Նոյեմբերյանի ավագ դպրոցի 12-րդ դասարանում և Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում ուսանող պատանիներն, ի դեպ, դեռ փոքր հասակից մտածել են, որ ապրելու են ծննդավայրում, անգամ՝ բուհական կրթությունից հետո, բոլոր երազանքներն էլ կապել են Նոյեմբեյանի հետ՝ չնայած սահմանամերձ լինելու հանգամանքին։
Արգամը պատմում է, որ իրենց երազանքի լաբորատորիան հիմնել են դրամահավաքի օգնությամբ՝ իրենց կողքին ունենալով նաև աջակիցների ու իրենց փորձով կիսվողների բանակ։
«Ռադիո Վան»-ի հարցին, թե մտավախություններ չե՞ն ունեցել, որ անչափահաս տարիքը կարող է խոչընդոտել գաղափարի իրագործմանը՝ Արգամն արձագանքում է․
«Փորձել ենք «մեծ» մտածել, առաջնորդվել ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երջանկահիշատակ հիմնադիր Կարեն Վարդանյանի՝ «Ամենամեծ մոտիվացիան՝ ծառայության մոտիվացիան է» կարգախոսով»։
Տղաներին իրենց երազանքի լաբորատորիայում ընկերություններին լավագույն ծառայությունը մատուցելու հարցում աջակից է եղել Համահայկական գիտության և տեխնոլոգիայի ռազմավարական ներդրումային համայնքը՝ SASTIC-ը (Strategic Armenian Science and Technology Investment Community)։ vLab-virtual lab մատչելի սարքավորումներ ձեր տարածքում
Հայրենիքին ծառայելու գաղափարի շուրջ ինչպես սփյուռքից, այնպես էլ՝ Հայաստանից է տասնյակ հայերի համախմբած SASTIC-ի հիմնադիր Արմեն Խաչատրյանն ընդգծում է, որ, որպես թիմ, հանրություն, իրենց նպատակն է ներդրումներ անել ա՛յն տեխնոլոգիաներում, որոնց շնորհիվ հնարավոր կլինի երկրում առօրյա խնդիրներ լուծել։
«Ոչ թե պետք է տեխնիկա գնել, դնել մի տեղ, ու սպասել մեկը օգտագործի՝ մենք հակառակ ճանապարհով ենք գնում․ գտնել ինժեներական գիտելիքներ ունեցող երիտասարդների, թիմերի, որոնք ունեն գաղափար ու տրամադրել գործիքների խումբ (տպիչ, լազերային սարքեր և այլն)՝ այն իրագործելու համար»,-մանրամասնում է Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող vLab-ի ձևաչափում նոյեմբերյանցի պատանիների հիմնած Protolab-ին տրամադրել է Pallete 3-Pro սարքավորումը, որն օգնում է արդյունավետ իրականացնել 3D բազմագույն տպագրություն։
Արգամն ուրախությամբ նշում է, որ, եթե նախկինում տպագրությունն անում էին մեկ գույնով, ապա հիմա՝ սարքի 4-5 ամիսների շահագործման շրջանում, կարողանում են մինչև 8 գույն ստանալ։
Տղաներն արդեն համագործակցում են 50-ից ավել աշխատակից ունեցող տեխնոլոգիական 15 ընկերության հետ, 3-ի հետ էլ բանակցությունների փուլում են։ Վաճառքներին զուգահեռ նրանք շարունակում են նաև զարգացնել ստարտափ գաղափարներ։ Արգամի փոխանցմամբ՝ հիմա աշխատում ենք խելացի STEM KIT խաղալիքի պրոտոտիպի վրա, որի շրջանակներում երեխաների համար այնպիսի խաղալիք են ցանկանում ստեղծել, որի միջոցով նրանց մեջ կսերմանանեն ստեղծարարություն՝ սպառողական սերնդից ստեղծող սերունդ ձևավորելու նպատակով։
17-ամյա պատանիները վճռական են՝ նույնիսկ պատերազմական իրադրության ժամանակ մնալու ու գործելու են իրենց սահմանամերձ համայնքում, ինչպես Արգամն է ասում՝ արժանապատիվ խաղաղություն ունենալու ձգտումով։
Համագործակցության մանրամասները՝ տեսանյութում։