27 Dec 2020
Սիրելի՛ ընկերներ,
Այս շաբաթվա թարմացումը.
Ելնելով բոլոր քննարկումների և հնարավոր տարբերակների դիտարկումից, ներկայիս մեր ձեռք բերած հզորության ծավալից՝ որոշվեց գնալ շահույթ չհետապնդող (non-profit) կազմակերպության ձևավորման տարբերակով։ Կազմակերպությունը, լինելով շահույթ չհետապնդող (non-profit) հասարակական կազմակերպություն, իր անդամներին շահաբաժին չի վճարելու, սակայն այն իր նպատակները իրականցնելու համար լինելու է ինքնին շահույթ հետապնդող։
Ինչու՞ անդամակցել շահույթ չհետապնդող կազմակերպությանը՝
- Հայաստանում հետպատերազմյան հետևանքների վերականգնմանը, կրթության զարգացմանը, ռազմավարական գիտատեխնիկական հետազոտությունների և տեխնոլոգիաների մշակմանը, ենթակառուցվածքների և ընկերությունների ձևավորմանն ու աջակցմանը յուրովի նպաստելու համար,
- Ունենալու համար քվե, որով կորոշվի կազմակերպության գործունեության ապագան, նպատակները և պրոյեկտները,
- Աշխարհով մեկ սփռված պրոֆեսիոնալների ցանցին միանալու, կապեր հաստատելու և այդ կապերից օգտվելու համար,
- SASTIC-ի ստեղծած ենթակառուցվածքներից, ֆինանսավորումից և պրոֆեսիոնալ մասնագիտական ցանցից, ինչպես նաև ընկերությունների ցանցից նոր ընկերություններ ձևավորելու հնարավորություն ստանալու համար,
- SASTIC-ի աջակցությամբ ստեղծվող ընկերություններում առաջինը անմիջական ներդրող դառնալու և ապագայում շահութաբաժին ստանալու հնարավորություն ունենալու համար:
Ի տարբերություն նախորդում առաջարկված ներդրումային ֆոնդի տարբերակի, առայժմ SASTIC-ը իր վրա չի վերցնելու ֆոնդի կառավարչի ֆունկցիան, այսինքն ամեն մի անդամ անմիջականորեն ինքն է որոշելու, թե ստեղծվող ընկերություններում ինչպիսի ներդրում կատարի, ինչպիսի չափաբաժնով՝ հետևաբար ռիսկի հաշվարկի ֆունկցիան անցնում է անդամին։ Հետագայում, եթե նպատակահարմար լինի, և ծախսերը արդարացվեն, SASTIC-ը կկազմավորի առանձին ներդրումային ֆոնդ՝ իր կառավարիչով։
—
Կանոնդրության մշակման գործընթացը այս պահին ուժի մեջ է։
—
Հանդիպումներ են եղել նաև Հայաստանում և Սփյուռքում գործող մի շարք գիտնականների հետ, ներկայացվել է SASTIC-ի հայեցակարգը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն Վահան Քերոբյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պրն Հակոբ Արշակյանը։ Ընդհանուր գնահատականը դրական է։
—
Անդամակցության հայտ ներկայացրած մարդկանց քանակը հասել է 378-ի, մոտենում ենք 400 սահմանագծին։
—
Բոլորիդ ընտանիքներին երջանկություն և հաջողություն ենք մաղթում Նոր Տարում։ Հաջորդ թարմացումները կլինեն Հունվարին՝ տոներից հետո։